Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-12-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 31. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2017-12-02Բացել ARLIS-ում

Հոդված 31. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում.

բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ, փոխառություն են տրամադրել կամ բանկում ավանդ են ներդրել կամ բանկային հաշվին դրամական միջոցներ են մուտքագրել բանկում ադմինիստրացիա նշանակվելուց հետո, բացառությամբ պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.

գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 10 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 5 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է կյանքի ապահովագրություն, և ոչ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն.

դ) չորրորդ` բանկի այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների.

ե) հինգերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

ե.1) վեցերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

զ) յոթերորդ` բանկի մասնակիցների պահանջները:

Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ» և «ե.1» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «զ» ենթակետով սահմանված հերթում:

Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 10 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 5 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում, տվյալ անձի` մինչև 10 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 5 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:

Ավանդների երաշխավորման համակարգի շրջանակներում, երաշխավորված գումարը հատուցելուց հետո օրենքով սահմանված երաշխավորողը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ ավանդատուն (պարտատերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը):

Սույն հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:

Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:

Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն կամ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է` հիմք ընդունելով պարտավորությունների չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ: Սույն մասով սահմանված պարտավորությունների բավարարման սկզբունքը հաստատում է դատարանը Կենտրոնական բանկի միջնորդությամբ` միջնորդությունը ստանալու պահից 5-օրյա ժամկետում` հաշվի առնելով այն, թե որ սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր կլինի բավարարել առավել մեծ քանակությամբ պարտատերերի պահանջները: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

4. Լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Սույն կետով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային կառավարիչն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային կառավարչի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:

Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

Եթե պահանջ ներկայացրած և լուծարային կառավարչի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային կառավարչի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի` ի պահ:

Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային կառավարիչը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:

5. Լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: Եթե պարտատերը ներկայացրել է պահանջը պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պահանջը հնարավոր չէ բավարարել լուծարային միջոցները չբավարարելու պատճառով, ապա նրա պահանջը համարվում է մարված` անգամ, եթե առկա է տվյալ պահանջը ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

6. Սույն հոդվածով սահմանված հերթերից որևէ մեկի բավարարման ընթացքում, եթե պարզվում է, որ բանկն այլևս ակտիվ չունի կամ հնարավոր չէ այլ կերպ բավարարել բանկի պարտատերերի պահանջները, լուծարային կառավարիչը, համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի, կազմում է լուծարման հաշվեկշիռ և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումից հետո պարտատերերի հետ հաշվարկները համարվում են ավարտված:

(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-181-Ն, 18.03.08 ՀՕ-6-Ն, լրաց., փոփ. 28.02.11 ՀՕ-58-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։