Հոդված 29. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ և ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 29. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ և ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը եռօրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով: Բանկի սնանկության մասին որոշում կայացնելիս դատարանը նշանակում է նաև լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կամ պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից:
2. Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից`
ա) լուծարային կառավարչին են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները.
բ) դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների), դիմաց տոկոսների և այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումը և գանձումը, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը.
գ) սառեցվում են բանկի բոլոր, այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում գտնվող հաշիվները և թույլատրվում են միայն բանկին կատարվող վճարումները.
դ) դատարաններում կարճվում են բոլոր այն գործերի վարույթները, որտեղ բանկը ճանաչվել է պատասխանող, ինչպես նաև կասեցվում են բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների, արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների կատարողական վարույթները: Սույն կետով սահմանված` կասեցված կամ կարճված վարույթների հետ կապված պահանջները պարտատերերը կարող են ներկայացնել լուծարային կառավարչին` սույն օրենքով սահմանված կարգով.
ե) լուծարային կառավարչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման համաձայնության վրա:
3. Կենտրոնական բանկի դիմումը մերժելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը վերականգնում է բանկի բանկային գործունեության լիցենզիան, վերականգնվում են բանկի բոլոր կառավարման մարմինների, ղեկավարների` մինչև այդ կասեցված կամ դադարեցված լիազորությունները, բացառությամբ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի, որի լիազորությունները չեն վերականգնվում:
(29-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-58-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, փոփ. 08.06.09 ՀՕ-143-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-191-Ն)