Հոդված 10. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա`
ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները.
բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.
գ) միջոցներ է ձեռնարկում բանկի գույքի և փաստաթղթերի պահպանության ուղղությամբ.
դ) պարզում է բանկի պարտատերերին, նրանց պահանջների չափը.
ե) միջոցներ է ձեռնարկում բանկի վարկային և դեբիտորական պարտքերի գանձման ուղղությամբ.
զ) դիմում է Կենտրոնական բանկ` բանկի պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) միջնորդությամբ.
է) բանկի կառավարման մարմիններից բանկի գործունեության վերաբերյալ ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր.
ը) իրականացնում է բանկի` որպես գործող միասնական ամբողջության, կամ նրա ակտիվների և պասիվների մի մասի վաճառքը.
թ) բանկի անունից հայցով դիմում է դատարան և միջնորդ դատարան.
ժ) բանկի տարածքային ստորաբաժանումներում և բանկի դուստր ընկերություններում նշանակում է ադմինիստրացիայի ներկայացուցիչներ.
ժա) բանկի անունից կնքում է ծրագրից բխող պայմանագրեր, կարող է բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը.
ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկի ավանդային, վարկային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքները.
ժգ) իրականացնում է օրենքով չարգելված այլ լիազորություններ:
2. Ադմինիստրացիայի գործունեության աշխատակարգը սահմանում է ադմինիստրացիայի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ադմինիստրացիայի անդամները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի` օրենքից բխող հանձնարարականները: