Անցնել բովանդակությանը

Հոդված 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը պարտադիր պետք է բովանդակի կազմակերպության`

1) անվանումը և գտնվելու վայրը.

2) գործունեության առարկան և նպատակները.

3) անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու կարգը.

4) անդամների իրավունքները և պարտականությունները.

5) կառավարման կարգը` բարձրագույն մարմնի հրավիրման կարգը և ժամկետները, բացառապես նրա կողմից լուծվող հարցերի շրջանակն ու որոշումներ ընդունելու կարգը, բարձրագույն մարմնի կողմից ձևավորվող (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ, այդ թվում` միանձնյա) մարմինների ընտրության և նրանց կազմի փոփոխման, նրանցից յուրաքանչյուրի լիազորությունների ժամկետներն ու բովանդակությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

6) այն պաշտոնատար անձի պաշտոնը, նրա ընտրության կարգը և լիազորությունները, որն իրավասու է ներկայացնելու կազմակերպությունն առանց լիազորագրի (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե նման իրավասություն չի տրվում).

7) այն մարմինները, որոնք իրավասու են որոշում ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ` ըստ գույքի տեսակների ու չափերի (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե նախատեսվում է նշված գործառույթների իրականացումը միայն բարձրագույն մարմնի կողմից).

8) այն մարմինը, որն իրավասու է սահմանել անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե անդամավճարի գանձում չի նախատեսվում, կամ դրա չափն ու գանձման կարգը սահմանվում է կանոնադրությամբ).

9) առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ ստեղծելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե դրանց ստեղծում չի նախատեսվում).

10) գործունեությունը վերահսկելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե վերահսկողությունն իրականացնում է միայն բարձրագույն մարմինը).

11) մարմինների որոշումները կազմակերպության անդամների կողմից բողոքարկելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե բացի բարձրագույն մարմնից կազմակերպության այլ մարմինների ձևավորում չի նախատեսվում).

12) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

13) վերակազմակերպման և լուծարման կարգը: Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Եթե կազմակերպությունն ունի խորհրդանիշներ, ապա կանոնադրությանը, որպես անբաժանելի մաս, պետք է կցված լինեն դրանց, պատկերը և նկարագրությունը:

2. Կազմակերպության պետական գրանցման նպատակով ներկայացվող կանոնադրության կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների յուրաքանչյուր օրինակ պետք է ստորագրված լինի կազմակերպության լիազորած անձի կողմից և ամրակարված այնպես, որ ամրակարման վրա պետական գրանցման մարմնի կողմից դրվելիք կնիքի դրոշմը հուսալիորեն ապահովի կանոնադրության ամբողջականությունը:

3. Եթե կազմակերպության կանոնադրությունը հակասում է օրենքներին, այդ թվում` նոր ընդունված օրենքներին, ապա կազմակերպությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքների պահանջներին, իսկ մինչ այդ շարունակել գործել օրենքներին համապատասխան:

4. Կազմակերպության կանոնադրությունն իրավաբանական ուժ է ձեռք բերում կազմակերպության պետական գրանցման պահից:

Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր կանոնադրությունն իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից:

Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

5. Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխությունը նույն բնակավայրի սահմաններում կանոնադրության փոփոխություն չի պահանջում: Այդ փոփոխության մասին պետական գրանցման մարմինը տեղեկացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

(11-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։