Հոդված 12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև կազմակերպության կանոնադրության փոփոխությունների ու լրացումների կամ նոր կանոնադրության պետական գրանցումը և կազմակերպության լուծարման (գործունեության դադարման) պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով` սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
2. Կազմակերպությունը պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին է ներկայացնում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) կազմակերպության հիմնադիրների ժողովի արձանագրությունը` կազմակերպության կանոնադրության հաստատման, պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու և կազմակերպության լիազորած անձի ընտրության մասին որոշումներով, որոնցից պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին դիմելու մասին որոշումը պետք է ընդունված լինի սույն հոդվածում նշված փաստաթղթերը պետական գրանցման մարմին հանձնելու կամ առաքելու օրվանից ոչ ավելի վաղ, քան 60 օրացուցային օր առաջ.
3) հիմնադիրների, իսկ եթե նրանց թիվը հինգից ավելի է, ապա հիմնադիրներից առնվազն հինգի, ինչպես նաև կազմակերպության լիազորած անձի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը (անձի ցանկության դեպքում` նաև հայրանունը), ծննդյան օրը, ամիսը և տարին, անձնագրի սերիան, համարը և մարմինը, որի կողմից տրված է անձնագիրը, հաշվառման հասցեն, հեռախոսների համարները, էլեկտրոնային հասցեն.
4) կանոնադրության առնվազն երկու օրինակ.
5) պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը.
6) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաև իրավաբանական անձին հանձնվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:
Սույն կետում նշված հայտարարությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պետական գրանցման մարմինը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3. Պետական գրանցման մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու մասին գրանցման մատյանում գրառում կատարելուց հետո` 21 օրացուցային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը և գրանցել կազմակերպությունը կամ մերժել նրա գրանցումը: Եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված չեն, կամ անընթեռնելի են, կամ դրանցում առկա են ոչ բովանդակային թերություններ, ապա պետական գրանցման մարմինը յոթ օրացուցային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է կազմակերպությանը: Այդ դեպքում պետական գրանցման մասին դիմումի քննարկման` սույն հոդվածով սահմանված ժամկետը կասեցվում է, բայց ոչ ավելի, քան 10 օրով:
4. Կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը հանվում է քննարկումից, եթե մինչև դրա կապակցությամբ պետական գրանցման մարմնի որոշում կայացնելն ստացվել է կազմակերպության դիմումը` պետական գրանցման մասին իր նախորդ դիմումը քննարկումից հանելու մասին:
5. Կազմակերպության պետական գրանցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն օրենքի պահանջները, այդ թվում`
1) պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված չլինելու, կամ անընթեռնելի լինելու, կամ դրանցում ոչ բովանդակային թերություններ լինելու մասին կազմակերպությանը տեղյակ պահելուց հետո` 10 օրացուցային օրվա ընթացքում, կազմակերպությունը չի վերացրել այդ թերությունները և չի դիմել պետական գրանցման մասին իր դիմումը քննարկումից հանելու մասին.
2) կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշները չեն համապատասխանում սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին.
3) ներկայացված կանոնադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
6. Կազմակերպության պետական գրանցման դեպքում պետական գրանցման մարմինը, ոչ ուշ, քան պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետն ավարտվելը, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է հանձնում կազմակերպության պետական գրանցման վկայականը և կազմակերպության` պետական գրանցման մարմնի հաստատած կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման գործում:
7. Կազմակերպության պետական գրանցումը մերժվելու կամ կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից հանվելու դեպքում պետական գրանցման մարմինը, ոչ ուշ, քան պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետն ավարտվելը, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է վերադարձնում կազմակերպության պետական գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը և կազմակերպության ներկայացրած կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման վարույթում: Կազմակերպության պետական գրանցումը մերժվելու դեպքում պետական գրանցման մարմինը կազմակերպությանը նաև գրավոր հայտնում է կազմակերպության պետական գրանցումը մերժելու հիմքերը` դրանք հիմնավորող իրավական համապատասխան նորմերին հղումներով:
8. Պետական գրանցման մասին դիմումի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպության պետական գրանցումը չկատարվելու և չմերժվելու, ինչպես նաև կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից չհանվելու դեպքում կազմակերպությունը համարվում է գրանցված, և պետական գրանցման մարմինը, մեկ օրվա ընթացքում, կազմակերպություն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է հանձնում կազմակերպության պետական գրանցման վկայականը և կազմակերպության` պետական գրանցման մարմնի կողմից հաստատված կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է կազմակերպության պետական գրանցման գործում:
9. Կազմակերպության պետական գրանցումը մերժվելուց կամ կազմակերպության նախաձեռնությամբ պետական գրանցման մասին դիմումը քննարկումից հանվելուց հետո` ցանկացած ժամանակ, կազմակերպությունը պետական գրանցման համար կարող է սույն հոդվածով սահմանված կարգով նորից դիմել պետական գրանցման մարմին:
10. Կազմակերպության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:
11. Հիմնադիրների միջև կազմակերպության ստեղծման ընթացքի հետ կապված վեճը լուծվում է դատական կարգով: Դատարանը, մինչև որոշում կայացնելը, կարող է իր որոշմամբ կասեցնել պետական գրանցման մարմնում կազմակերպության պետական գրանցման մասին դիմումի քննարկման ժամկետի ընթացքը:
(12-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-27-Ն)