Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-08-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 36. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները

գործել է մինչև 2023-08-17Բացել ARLIS-ում

Հոդված 36. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները

1. Նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները.

1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն).

2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.

3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.

4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.

6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.

8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.

9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.

10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.

13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.

14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.

15) ապահովում է ապացույցներ.

16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը.

17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.

18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.

21) տալիս է կատարողական մակագրության թերթ.

21.1)

21.2)

22) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.

22.1) ներկայացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին.

23) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:

2. Սույն հոդվածով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք:

3. Ժառանգներին և հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ:

4. Նոտարը, նոտարական գործողություններ կատարող այլ անձինք նոտարական գործողություններ իրականացնելիս կարող են օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից, իր լիազորություններն իրականացնելու նպատակով ստանալ անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետևյալ ծառայությունները.

1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ.

2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ.

3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին.

4) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր:

(36-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, 16.07.20 ՀՕ-388-Ն)

(հոդվածը 23.12.22 ՀՕ-586-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-229-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)

(23.12.22 ՀՕ-586-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-229-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։