«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2152-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ատոմսեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել մրցույթով՝ համապատասխանաբար նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը: 2. Հաշվեկշռային մեթոդով 55338 հազ. դրամ գնահատված «Ատոմսեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով: 3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը՝ 13835 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին: 4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին. բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը: 5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝ ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը, բ) շինարարության ավարտման ժամկետը, գ) ներդրումների չափը: 6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը՝ ա) օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում. բ) իր միջոցների հաշվին պետք է վճարի գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 7. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր: 8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հունվարի 11
Երևան