Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2025-05-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

գործել է մինչև 2025-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 21. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը:

Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ:

Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն: Ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնություն ցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես նաև բուժսպասարկման գործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել, հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ պահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են ներքին կանոնակարգով:

Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որևէ բժշկական կամ գիտական փորձի` անկախ վերջինիս համաձայնության:

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության հետևանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը:

Կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(21-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։