Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-27-ից մինչև 2006-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

Ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում են առանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի և տևողության սահմանափակման, իսկ օրինական ներկայացուցչի հետ` քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Տեսակցությունները տրամադրվում են գործին որպես պաշտպան մասնակցող փաստաբանի հետ` անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փաստաբանների միության կողմից տրված` իր` փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:

Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաև նրա պաշտպանը իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատաբժշկական հետազոտություն:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:

Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:

Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ:

Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ:

(15-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։