Հոդված 18. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ԲՈՂՈՔՆԵՐը և ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 18. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ԲՈՂՈՔՆԵՐը և ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է տալ ամեն օր, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:
Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց:
Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը:
Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը:
Արգելվում է որևէ ձևով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ` իրենց իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
(18-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն)