Հոդված 3
Հոդված 3
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը
1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է` սահմանելով.
1) ակցիզների ընդհանուր ինդիկատիվ (կանխատեսվող) դրույքաչափերը (այսուհետ` ինդիկատիվ դրույքաչափեր),
2) ինդիկատիվ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետը,
3) ինդիկատիվ դրույքաչափերից շեղման տարեկան տիրույթը։
2. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) հանրագումարը հանդիսացող փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել ինդիկատիվ դրույքաչափերից։
3. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով օգտագործվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքը, որը կիրառվում է հերթական բյուջետային ժամանակաշրջանի համար բյուջետային պլանավորման ժամանակ։
4. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունների, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետների և շեղման տիրույթների փոփոխման հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների փոփոխման դեպքում, Եվրասիական միջկառավարական խորհուրդը անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ իրավունք ունի որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխման մասին։
5. Անդամ պետությունները ոչ ուշ, քան ինդիկատիվ դրույքաչափերի գործողության 5-ամյա ժամանակահատվածի ավարտից 2 տարի առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերը, մշակում են հաջորդ 5-ամյա ժամանակահատվածի համար ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ առաջարկություններ։ Անդամ պետությունների կողմից համաձայնեցված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները հաստատվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։
6. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես.
1) պահանջ ցանկացած անդամ պետության նկատմամբ` սահմանելու ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների այնպիսի դրույքաչափեր, որոնք այն կարող է դիտարկել որպես իր անվտանգության շահերին հակասող,
2) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար` այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության շահերի պաշտպանության համար` ալկոհոլային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափեր սահմանելու առնչությամբ նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով։