Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները
Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները
1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով՝
ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.
բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները և նիստերը.
գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները.
դ) ներկայացնում է Ազգային ժողովը.
ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմը.
զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.
է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ՝ որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը.
ը) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.
թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.
ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
ժա) շրջանառության մեջ է դնում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.
ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.
ժգ) («ժգ» ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)
ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.
ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.
ժե) հաստատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Ազգային ժողովի պահպանման ծախսերը.
ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.
ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ սահմանադրական դատարանի անդամների և սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.
ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) թվաքանակը.
ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման.
ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգերը.
իա) հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ի» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:
(18-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-404-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն)