Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴՐՈՇԻ ԵՎ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 սեպտեմբերի 2016 թվականի N 888-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. սեպտեմբերի 5

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 888-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության դրոշի (այսուհետ` դրոշ) վրա և սահմանում են դրոշին ներկայացվող տեխնիկական պահանջները:

2. Դրոշը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին:

3. Դրոշը` համաձայն ձևի, եռագույն է` վերևից ներքև ձգվող կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Դրոշի լայնության և երկարության չափսերի հարաբերությունը պետք է լինի 1:2-ի:

Ձև. Հայաստանի Հանրապետության դրոշ

Ակտի պատկեր

L - դրոշի երկարությունը, B - դրոշի լայնությունը, b1 - կարմիր շերտի լայնությունը, b2 -կապույտ շերտի լայնությունը, b3 - նարնջագույն շերտի լայնությունը:

4. Դրոշի երկարության և լայնության շեղումը չպետք է գերազանցի ±2 %-ը:

5. Դրոշը պատրաստում են տպագրման եղանակով կամ կարելու միջոցով: Դրոշը պատրաստում են 100 % պոլիէսթերային գործվածքից, իսկ շենքերի ներսում տեղադրելու համար նախատեսված դրոշը` նաև բամբակե, վուշե խառը, մետաքսե կամ բրդե գործվածքից: Դրսում տեղադրելու համար նախատեսված դրոշի գործվածքի խտությունը պետք է լինի ոչ պակաս 90 գ/մ.2 -ից:

6. Դրոշի գործվածքի գունավորման կայունությունը, ըստ ԳՕՍՏ 9733.0 ստանդարտի, պետք է լինի ոչ պակաս 5 բալից` լույսի և եղանակի ներգործության նկատմամբ, 4 բալից` ջրի կաթիլների ներգործության նկատմամբ և 3 բալից` չոր և թաց շփման նկատմամբ:

7. Դրոշի գործվածքի երեսակողմի և հակառակ կողմի գունային դաջվածի ինտենսիվության տարբերությունը չպետք է գերազանցի 15 %-ը:

8. Դրոշի պաստառի գործվածքի շերտերը պետք է ձևել դրոշի երկարությամբ երկայնական թելի պահպանմամբ, իսկ եզրերը պետք է եզրակարել ծալքակարով: Դրոշը պատրաստում են ամբողջական գործվածքից կամ կարելու միջոցով:

9. Դրոշի պաստառի եզրերը պետք է մշակել երեսակողմից չերևացող զարդակարով, որից հետո 0,3-1,0 սմ լայնությամբ փակ կարվածքով (հարթակարով)` ըստ ԳՕՍՏ 12807 ստանդարտի:

10. Կարը պետք է լինի ամուր, ուղիղ, կարի ծայրերը պետք է ամրացված լինեն հետադարձ կարով` 0,7 սմ ոչ պակաս երկարությամբ: Կարի հաճախությունը պետք է լինի 15-20 կութ (կար)` յուրաքանչյուր 5 սմ-ի վրա:

11. Թելերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 6309 պահանջներին: Դրոշը պետք է կարել շերտի գույնի կամ թափանցիկ կարի թելերով: Երեք շերտից կարվող դրոշը պետք է կցակարել տարբեր թելերով` վերևի և ներքևի շերտերի գույներին համապատասխան:

12. Դրոշը պատրաստում են ամրացման երկու եղանակով`

1) ձողին կցելով` գրպանի միջոցով, գրպանի լայնությունը պետք է լինի դրոշի երկարության 5 %-ից ոչ ավելի և չգերազանցի 10 սմ-ը.

2) եզրակի օգնությամբ, եզրակի լայնությունը` 3,0-3,5 սմ:

13. Դրոշի գույները պետք է համապատասխանեն տարբեր գունային մոդելների արժեքներին, որոնք տրված են աղյուսակում:

Աղյուսակ

Գույնը Pantone RGB CMYK html

կարմիր 485 R: 217; G: 0; B: 18 C: 0% M: 100% Y: 100% K: 0% #D90012

կապույտ 286 R: 0; G: 51; B: 160 C: 100% M: 80% Y: 0% K: 0% #0033A0

նարնջագույն 1235 R: 242; G: 168; B: 0 C: 0% M: 35% Y: 100% K: 0% #F2A800

14. Pantone և CMYK տարբերակները կիրառվում են տպագրությունում, RGB տարբերակը կիրառվում է կայքերում և հեռուստաեթերում, html տարբերակը կիրառվում է կայքերում:

15. Դրոշներն արտադրում են առանց տեսակավորման: Պատրաստի արտադրանքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) գործվածքի կառուցվածքի ամբողջականություն.

2) բծերի առկայությունը չի կարող գերազանցել 0,3 սմ-ը.

3) մանածագործական թերությունները չեն կարող լինել տեսանելի գերոլոր թելերի տեսքով, 10 սմ-ից ավելի շեղաթելերով, 0,3 սմ-ից ավելի խտվածքներով, հենքի և թեզանի վրայի նկատելի արտահայտված շերտերի տարբերությամբ.

4) գունային շերտում երանգային տարբերությունը պետք է լինի լավ տեսանելի:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 888-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի (այսուհետ` զինանշան) վրա և սահմանում են զինանշանի ձևին, չափերին և պատրաստմանը ներկայացվող տեխնիկական պահանջները:

2. Զինանշանը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին:

3. Զինանշանի պատկերը (գունավոր և միագույն) սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններում (ձևեր NN 1, 2):

4. Զինանշանը կարող է պատրաստվել տարածական և գրաֆիկական տեսքով: Գրաֆիկական պատկերը կարող է լինել միագույն և գունավոր: Գունավոր գրաֆիկական պատկերը պարունակում է ոսկեգույն, նարնջագույն, կարմիր և կապույտ գույները:

5. Տարածական կատարմամբ զինանշանը, անկախ իր չափերից և ստացման տեխնոլոգիական եղանակից, պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխանության ազգային նշանի նմուշին և տեխնիկական փաստաթղթերին` ըստ ձևի, չափերի ու համամասնության:

6. Զինանշանի գրաֆիկական պատկերը կարող է ստացվել ցանկացած տեխնոլոգիական եղանակով (տպագրություն, դրոշմում, փորագրություն, համակարգչային գրաֆիկա և այլն) և անկախ չափսերից պետք է պահպանի զինանշանի հստակ և պարզ պատկերը` իր գործածման ժամանակահատվածում: Զինանշանի միագույն պատկերը` սև կամ այլ գույնով, կամ անգույն (օրինակ` տարբեր եղանակներով դրոշմված) ուրվագծային պատկերն է: Ուրվագծերի միջև ընկած հատվածները չպետք է գունավորված լինեն և պետք է պահպանեն թղթի կամ այն կրիչի գույնը, որի վրա պատկերված է զինանշանը: Զինանշանի տարածական պատկերը, ինչպես նաև զինանշանի պատկերը, մետաղի վրա համարվում է միագույն, եթե համապատասխանում է այն նյութի գույնին, որից այն պատրաստված է:

7. Զինանշանի գույները պետք է համապատասխանեն տարբեր գունային մոդելների արժեքներին, որոնք տրված են աղյուսակում:

Աղյուսակ

Գույնը Pantone RGB CMYK html

ոսկեգույն 124 R: 255 G: 196 B: 75 C: 0% M: 25% Y: 80% K: 0% #FEC34E

կարմիր 485 R: 217; G: 0; B: 18 C: 0% M: 100% Y: 100% K: 0% #D90012

կապույտ 286 R: 0; G: 51; B: 160 C: 100% M: 80% Y: 0% K: 0% #0033A0

նարնջագույն 1235 R: 242; G: 168; B: 0 C: 0% M: 35% Y: 100% K: 0% #F2A800

8. Pantone և CMYK տարբերակները կիրառվում են տպագրությունում, RGB տարբերակը կիրառվում է կայքերում և հեռուստաեթերում, հtml տարբերակը կիրառվում է կայքերում:

9. Պաշտոնատար անձանց և պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում և դահլիճներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվում է նախագահության հետևի պատին` նախագահողի թիկունքի ուղղությամբ:

10. Մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա պետական կազմակերպության անվանման հետ միասին ցուցանակի վերին կենտրոնական մասում զետեղվում է զինանշանը:

11. Զինանշանի օգտագործումը պետական մարմինների, պետական կազմակերպությունների և դրանց ղեկավարների ձևաթղթերի, կնիքների վրա իրականացվում է զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններին համապատասխան:

Ձև N 1. Հայաստանի Հանրապետության զինանշան (գունավոր տարբերակ)

Ակտի պատկեր

Ձև N 2. Հայաստանի Հանրապետության զինանշան (միագույն տարբերակ)

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։