Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև Պայմանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների կիրառման նպատակով.
ա) այն դեպքերում, երբ Պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթները հղվում են Պայմանագրի 1-ին հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 1-ին հավելվածը,
բ) այն դեպքերում, երբ Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները հղվում են Պայմանագրի 2-րդ հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 2-րդ հավելվածը:
2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա.
ա) Պայմանագրի Կողմը և Ուզբեկստանի Հանրապետությունը չեն կիրառի Պայմանագրի 19-րդ հոդվածի դրույթները Պայմանագրի 2-րդ հոդվածի 8-րդ կետի և 17-րդ հոդվածի կիրառման հանդեպ այդպիսի Պայմանագրի Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերի կարգավորման համար,
բ) Պայմանագրի 5-րդ հոդվածում ՄԱԳՀ՝ 1994 III հոդվածին հղումը Ուզբեկստանի Հանրապետության և Պայմանագրի կողմերի միջև առևտրի հանդեպ Պայմանագրի կիրառման նպատակներով ընկալվում է որպես Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության հետ երկկողմ միջազգային պայմանագրերի համանման դրույթներին հղում՝ այդպիսի պայմանագրերի առկայության դեպքում,
գ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 10-րդ հոդվածի դրույթներով. այդ դեպքում Պայմանագրի կողմերը պահպանում են Պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված՝ միջոցներ կիրառելու իրավունքը Ուզբեկստանի Հանրապետությունից ծագած ապրանքների նկատմամբ,
դ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 11-րդ հոդվածի առաջին պարբերության և 12-րդ հոդվածի դրույթներով: Ուզբեկստանի Հանրապետությունը Պայմանագրի կողմերի ապրանքների և այդպիսի ապրանքների արտադրական գործողությունների հանդեպ կկիրառի տեխնիկական, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցներ` ազգային ռեժիմի կամ առավել բարենպաստ ռեժիմի հիման վրա՝ կախված նրանից, թե նշված ռեժիմներից որն է համարվում առավել բարենպաստ Պայմանագրի շահագրգիռ Կողմերի՝ ապրանքներ արտադրողի և/կամ արտահանողի համար,
ե) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից` վճարային հաշվեկշռի հավասարակշռության լուրջ խախտումների և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին ֆինանսավորման հետ առաջացած լուրջ դժվարությունների դեպքում,
զ) Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վիճելի հարցերը կլուծվեն Պայմանագրի համապատասխան Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև՝ երկկողմ բանակցությունների հիման վրա,
է) Պայմանագրի Կողմերը կապված չեն Ուզբեկստանի Հանրապետության հանդեպ 2-րդ հոդվածի 8-րդ կետի, 5-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի առաջին պարբերության, 12-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով:
3. Անկախ Պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներից՝ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրում կիրառվում են 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Ապրանքի ծագման երկրի որոշման Կանոնները: Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել այլ բազմակողմ կամ երկկողմ պայմանագրեր ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների վերաբերյալ: