Հոդված 84. Անցումային դրույթներ
Հոդված 84. Անցումային դրույթներ
1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:
2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:
3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանսֆերտների ձևով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչև համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:
4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին է փոխանցում համայնքի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:
5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:
6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:
7. (մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)
8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:
8.1. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:
8.2. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:
10. Սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները գործում են մինչև Երևանի մասին օրենքի ընդունումը:
11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում:
12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:
13. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
14. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Այդ ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:
15. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների ստանձնումը:
(84-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-103-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն, խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-227-Ն, լրաց. 11.09.12 ՀՕ-177-Ն, 24.11.15 ՀՕ-149-Ն)