Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-25-ից մինչև 2025-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 43. Համայնքի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

գործել է մինչև 2025-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 43. Համայնքի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

1. Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

2) մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.

4) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

6) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ.

7) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:

2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի) կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

(43-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-75-Ն, 13.06.18 ՀՕ-361-Ն, 07.12.22 ՀՕ-521-Ն, լրաց., փոփ. 18.04.25 ՀՕ-88-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։