Հոդված 11. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Հոդված 11. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին:
Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:
Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:
Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: Սույն օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:
Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին:
Պետական մարմինները կամ համայնքի ղեկավարն ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն: