Հոդված 84. Անցումային դրույթներ
Հոդված 84. Անցումային դրույթներ
1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:
2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:
3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների և գոտիավորման այլ փաստաթղթերի մշակմանը:
4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին է փոխանցում համայնքի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:
5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:
6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:
7. (մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)
8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:
9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:
10. Սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները գործում են մինչև Երևանի մասին օրենքի ընդունումը:
11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում:
12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:
(84-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-103-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-8-Ն)