Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝
ա) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.
բ) երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
գ) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.
դ) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
ե) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.
զ) ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
է) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝
ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).
բ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով: