Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը
Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:
4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձևավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման օրվանից։ Սահմանված ժամկետում որևէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձևավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ։
6. Եթե Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Փաստաբանների պալատը սահմանված ժամկետում Խորհրդում անդամ չի նշանակում, ապա նույն մարմինը (պաշտոնատար անձը) անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում:
6.1. Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով։
7. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)
8. Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում, դիմում է իրավասու մարմիններ՝ նոր մրցութային խորհուրդ ձևավորելու նպատակով:
9. Հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, որի պարագայում մրցույթն անցկացնում է միևնույն Խորհուրդը։
10. Հանձնաժողովի նորընտիր անդամը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն ստանձնում է այդ պաշտոնում նշանակվելուց հետո՝ անհապաղ, իսկ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտին նախորդող ժամանակահատվածում նշանակվելու դեպքում Հանձնաժողովի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունների դադարման օրը:
(9-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 18.09.20 ՀՕ-440-Ն)
(18.09.20 ՀՕ-440-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթներ)