Հոդված 8
Հոդված 8
Կահավորման և ապահովման նյութերի ներկրումը, արտահանումը և տարանցումը
1. Սարքավորումների և ապահովման նյութերի տեղափոխումը Կողմերի պետական (մաքսային) սահմաններով, այդ թվում` տարանցումը Կողմերի տարածքներով, կատարվում է առաջնահերթ (նախապատվության) կարգով` առանց մաքսատուրքերի, գանձումների, հարկերի վճարման, ինչպես նաև` առանց նման վճարում ապահովելու և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման` պայմանով, որ Կողմերը կատարել են ոչ սակագնային կարգավորման միջոցների ներդաշնակեցում, ինչպես նաև, եթե մաքսային մարմիններին տրամադրված է տրամադրող Կողմի կողմից հաստատված սարքավորումների և ապահովման նյութերի ցանկը` հաստատումով, որ նշված սարքավորումներն ու ապահովման նյութերը տեղափոխվում են արտակարգ իրավիճակների կանխման և/կամ վերացման և օգնություն ցուցաբերող կազմավորման կենսապահովման նպատակով:
2. Սարքավորումների և ապահովման նյութերի մաքսային ձևակերպումը կատարվում է առաջնահերթության (նախապատվության) կարգով: Որպես մաքսային հայտարարագիր` կարող են օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և/կամ այլ փաստաթղթեր` մաքսային մարմիններին սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկի տրամադրման դեպքում:
3. Օգնություն ցուցաբերող կազմավորմանը թույլատրվում է ներկրել հայցող Կողմի տարածք և տարանցիկ տեղաշարժել տարանցման պետությունների տարածքներով միայն սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկի սարքավորումները և ապահովման նյութերը: Միևնույն ժամանակ օգնություն տրամադրող կազմավորման անդամները կարող են ներկրել և տարանցման պետությունների տարածքներով տարանցիկ տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ` Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
4. Վթարափրկարարական և այլ աշխատանքների ավարտին հայցող Կողմի տարածք ներկրված սարքավորումներն ու ապահովման նյութերը (բացառությամբ ամբողջովին սպառված, ոչնչացված և արտակարգ իրավիճակից տուժած բնակչությանը անվճար տրամադրվածի) ենթակա են հետադարձ արտահանման Կողմերի լիազոր մարմինների համաձայնեցրած ժամկետներում կամ մաքսային հայտարարագրման և մաքսատուրքերի, գանձումների, հարկերի վճարմամբ արտահանման` համաձայն այն Կողմի օրենսդրության, որի տարածքում դրանք գտնվում են:
Հայցող Կողմի լիազոր մարմինը պետք է փաստաթղթերով հաստատի արտակարգ իրավիճակից տուժած բնակչությանը ապրանքների բաժանված, ամբողջովին սպառված կամ ոչնչացված լինելու փաստը:
Օգնություն ցուցաբերող կազմավորման սարքավորումների ցանկում ներառված օդանավերն ազատվում են աերոուղևորման, օդանավակայանի և այլ տեսակի գանձումներից (վճարումներից):