«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2009 թ.
ք. Երևան N 9-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով
Հրամայում եմ`
1. Հաստատել որսի կանոնները համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` Ա. Հարությունյան
Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2009 թվականի հունվարի 15-ի
N 9-Ն հրամանի
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները, համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), կանոնակարգում են որսի կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և ուղղված են որսի կենդանիների պահպանությանն ու կայուն օգտագործմանը:
2. Սույն կանոններով սահմանվում են որսի միջոցները, որսի ժամկետները, որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ինչպես նաև կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակների սահմանման կարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում Օրենքին համապատասխան իրականցվում է սիրողական որս` որսի կենդանիների հայթայթում սպորտային և գեղագիտական հաճույքի, որսված կենդանիների անձնական կարիքների օգտագործման համար:
4. Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսն (այսուհետ` որս) իրականացվում է որսահանդակներում` որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային, ջրային տարածքներում:
II. Որսի իրականացումը
5. Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:
6. Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`
1) որսորդական վկայական.
2) որսի թույլտվություն.
3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
7. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով.
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների).
3) որսորդական սառը զենքով.
4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով.
5) խայծերով.
6) խրտվիլակներով.
7) որսորդական շներով.
8) որսկան թռչուններով.
9) թաքստոցներից:
8. Որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա:
9. Որսահանդակներից դուրս, կամ որսը ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը բերվում է լիցքաթափված վիճակի: Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:
10. Նշագրված (օղակով, միկրոչիպով կամ այլ կերպ նշված) կենդանիների հայթայթման դեպքում օղակները, միկրոչիպերը կամ այլ նշանները տրամադրվում են որսորդական տնտեսության լիազորված անձանց, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ նրա տարածքային բաժին` որսի վայրի և ժամկետի տեղեկատվության հետ միասին:
(10-րդ կետը փոփ. 31.08.17 N 299-Ն)
11. Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել`
1) առանց սույն կանոնների 6-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության.
2) որսահանդակների տարածքներից դուրս.
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
4) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.
5) սույն կանոնների 7-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով.
6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.
7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ տվյալ կենդանու տեսակի համար ոչ բարենպաստ միջավայրում հայտնված` սառույցի վրա, խորը ձյան վրա, ջրի մեջ գտնվելիս) կենդանիների վրա.
8) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային մոտորացված միջոցներից կենդանիներին հետապնդելով.
9) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի, ինչպես նաև մարտական զենքի և մարտական փամփուշտների, ազդանշանային հրթիռների գործադրմամբ.
10) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի).
11) ապօրինի պատրաստված զենքի, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, որսափոսերի, պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), էլեկտրական հոսանքի օգտագործումը.
12) լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառումը.
13) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի օգնությամբ.
14) բուսական ծածկի այրման և ծխի օգտագործման միջոցով.
15) կենդանիների բների, որջերի քանդման միջոցով.
16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավելին կենդանիների, թույլտվությունում չնշված կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:
III. Որսի օբյեկտ համարվող կենդանիները
12. Ըստ էկոլոգիական և տնտեսական նշանակության որսի կենդանիները տարանջատվում են`
1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ներառյալ և արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում` որսի անվանական թույլտվությամբ.
2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ.
3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ.
4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում տնտեսական գործունեությանը, որոնց որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որսահանդակում օրինական գտնվող որսորդներին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:
13. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`
Կաթնասուններ
Հնդկական վայրենակերպ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճահճակուղբ - տարածված
Մշկամուկ - տարածված
Ջրառնետ - տարածված
Նապաստակ - տարածված
Վայրի խոզ - հաղթանշանային
Ազնվացեղ եղջերու - հաղթանշանային
Այծյամ - հաղթանշանային
Հայկական մուֆլոն - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Բեզոարյան այծ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Աղվես - տարածված
Գայլ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Շնագայլ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Անդրկովկասյան գորշ արջ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կզաքիս - փոքրաքանակ
Խայտաքիս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Փորսուղ - փոքրաքանակ
Ջրասամույր - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Եղեգնակատու - հաղթանշանային
Անտառային կատու - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մանուլ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Տափաստանային կատու - հաղթանշանային
Լուսան - հաղթանշանային
Հովազ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Թռչուններ
Քաջահավ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Տարգալակտուց - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Սպիտակագլուխ բադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Թշշան կարապ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճչան կարապ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մոխրագույն սագ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կարմիր բադ - տարածված
Խայտաբադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մոխրագույն բադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Շչան բադ - տարածված
Կռնչան բադ - տարածված
Լայնակտուց բադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Նետապոչ բադ - տարածված
Ճքճքան մրտիմն - տարածված
Սուլող մրտիմն - տարածված
Մարմարյա մրտիմն - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կարմրակտուց սուզաբադ - տարածված
Կարմրագլուխ սուզաբադ - տարածված
Փուփուլավոր սուզաբադ - տարածված
Ծովային սուզաբադ - տարածված
Սոնաբադ - տարածված
Տուրպան - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ցանկում չնշված սագազգիներ - փոքրաքանակ
Կովկասյան մայրեհավ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Թուրաջ - փոքրաքանակ
Մոխրագույն կաքավ - փոքրաքանակ
Քարակաքավ - տարածված
Լոր - տարածված
Անդրկովկասյան փասիան - փոքրաքանակ
Վայրի հնդկահավ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Փոքր արոս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մեծ արոս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Գեղանի արոս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Եղեգնահավ - տարածված
Սև փարփար - տարածված
Կտցար կաչաղակ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ոտնացուպիկ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Բզակտուց - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճախրուկ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կտցարազգիներ - տարածված
Աղավնիներ - տարածված
Դռլոն - փոքրաքանակ
Տնային ճնճղուկ - տարածված
Սովորական սարյակ - տարածված
Սև կեռնեխ - տարածված
Սինակեռնեխ - տարածված
Դաշտային արտույտ - տարածված
Տափաստանային արտույտ - տարածված
Կաչաղակ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Ագռավ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
IV. Որսի ժամկետները և չափաքանակները
14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է հաջորդ տարվա մարտի 15-ին:
15. Կենդանիների որսի ժամկետները և թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով:
16. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր որսաշրջանի համար սահմանվում են թույլատրված որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո, հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ, քան 30 օր առաջ:
17. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով որսաշրջանի ընթացքում կարող է փոփոխվել որսի կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները:
18. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն իրավասու է որսի սեզոնից դուրս որսի թույլտվություններ տալու` օրենսդրությամբ սահմանված նպատակների համար:
(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն)