Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-08-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-08-13Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պաշտպանություն` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, այդ թվում՝ քաղաքացիների պաշտպանվածությունը, ռազմական սպառնալիքներից ապահովելու նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ բնույթի միջոցների կիրառման ու միջոցառումների իրականացման ընդհանրություն.

2) պաշտպանության ոլորտի քաղաքականություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանում և իրականացում, այդ թվում՝ պաշտպանության ռազմավարական պլանավորման և պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի ընդունման միջոցով.

3) պաշտպանության ռազմավարական պլանավորում` ռազմական անվտանգության համակարգի կարողությունների և կառուցվածքի պլանավորմանն ու զարգացմանն ուղղված համընդգրկուն, աստիճանակարգված, հեռանկարին միտված և շարունակական գործընթաց.

4) պաշտպանության ռազմավարական վերանայում` անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակների և խնդիրների սահմանում.

5) պետության ռազմական անվտանգության համակարգ` պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, աշխարհազորի, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջություն.

6) զինված ուժեր` պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչը.

7) այլ զորքեր` ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ.

8) զինված ուժերի միացյալ կազմավորումներ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող միջազգային ուժեր.

9) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժեր` քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումներ.

9.1) աշխարհազոր` քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.

10) ռազմաարդյունաբերական համալիր` գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը.

11) զորահավաքային նախապատրաստություն` պետությունը զինված հարձակումից պաշտպանելու և պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ կազմակերպությունների կողմից և քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների ամբողջություն.

12) զորահավաք` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման ու կազմի փոխադրելու միջոցառումների, քաղաքացիների զորահավաքային զորակոչի իրականացման համալիր.

13) պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործում (այսուհետ՝ ռազմատրանսպորտային պարտականություն)՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու համար իրականացվող միջոցառումների համալիր.

14) զորահավաքային առաջադրանք` զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները պատերազմի ժամանակ բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպություններին առաջադրված պետական պատվեր:

(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-296-Ն, 28.10.20 ՀՕ-466-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։