Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-20-ից մինչև 2025-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ

Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

գործել է մինչև 2025-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) հանդիսանում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ՝ նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարման մարմինը.

2) ապահովում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

3) պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացի ապահովման համար.

4) իր լիազորությունների սահմաններում պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովման համար.

5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերը ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային կարիքների և այդ միջոցների բաշխման պլանավորման գործընթացը.

6) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

7) իրականացնում է հետախուզական գործունեություն պաշտպանության և անվտանգության նպատակով.

8) ապահովում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության կազմակերպման գործընթացը, պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.

9) ապահովում է պահեստազորային պատրաստության պլանավորումն ու իրականացումը.

10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

11) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

12) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.

13) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.

14) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

15) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.

16) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Զինված ուժերի գլխավոր շտաբում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների և զորատեսակների գործունեության կառավարման ու համակարգման ուղղություններով:

4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը`

1) ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է զինված ուժերի գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, զինվորական կառավարման ոլորտում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է զինված ուժերի գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի զինվորական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

5) զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,

գ. զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը,

դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ,

ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ,

զ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, մարտական և շարային կանոնադրությունների, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

է. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-383-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-334-Ն, փոփ. 12.02.25 ՀՕ-37-Ն)

(հոդվածը գործում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.07.22 ՀՕ-334-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։