Հոդված 5. Քաղաքացիների զինվորական հաշվառումը
Հոդված 5. Քաղաքացիների զինվորական հաշվառումը
1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:
Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:
Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները:
Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում:
3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:
Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն կետով սահմանված կարգով:
(Ծանուցում_01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն օրենքներով սույն օրենքի 5-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները և լրացումները ի սկզբանե օրենսդրի կողմից հղվել են հոդվածի 2-րդ կետին, մինչդեռ պետք է կատարվեին 3-րդ կետում, որի պատճառով 5-րդ հոդվածի ինկորպորացիան չի բերվում:)