Հոդված 54. Կարգապահական տույժերը
Հոդված 54. Կարգապահական տույժերը
1. Դատախազի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ կարգապահական տույժերը՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.
4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնից ազատում:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժը չի կարող կիրառվել առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցնող անձանց նկատմամբ: Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնների խմբում ընդգրկված դատախազների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժի կիրառման արդյունքում նրանք չեն կարող նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում:
2. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:
3. Մեկ կարգապահական խախտման համար դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:
4. Կարգապահական տույժի ենթարկված դատախազը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:
5. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կարող է նշանակվել դատախազի այնպիսի արարք կատարելու դեպքում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատախազի պաշտոնի հետ:
6. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի և դատախազների նկատմամբ կարող է կիրառվել նաև գլխավոր դատախազի նախաձեռնությամբ կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, որով հիմնավորվում է նշված անձի կողմից տևական ժամանակ իր գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով ստորաբաժանման առջև դրված նպատակները և խնդիրներն արդյունավետորեն չեն իրականացվել:
(54-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)