Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 13. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
1) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում.
2) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով.
3) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների սպասարկման ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում:
2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`
1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով.
2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
3. Վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը (փոխառուն) ամորտիզացնում է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական (անհատույց օգտագործման) պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի (փոխառուի) համախառն եկամտից:
4. Սույն օրենքի իմաստով` սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:»: