Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-02-29-ից մինչև 2008-07-12։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները

գործել է մինչև 2008-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները

1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներն` սույն հոդվածով սահմանված կարգով:

Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:

Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին:

4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:

5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:

Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:

6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն օրենքի 47 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարի վճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։