Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուների համար:
2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների համար ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`
1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով,
2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:
4. Սույն օրենքի իմաստով` հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:
(13-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն)