Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը և կասեցման մասին որոշումների ընդունումը
Հոդված 6. Գործունեության կասեցման հիմքերը և կասեցման մասին որոշումների ընդունումը
1. Սույն օրենքի կիրառման իմաստով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման հիմքերը սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելու օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում:
3. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`
ա) կասեցման սուբյեկտը և օբյեկտը.
բ) կասեցման ենթակա գործունեության տեսակը.
գ) կասեցման պատճառները, իրավական հիմքերը և կասեցման ժամկետը (կասեցման առաջին և վերջին օրերը):
4. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը տրվում է կասեցման սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
5. Գործունեության կասեցման սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր դիմումի դեպքում, մինչև գործունեության կասեցումը, կասեցման տարածքում գտնվող՝ շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման և ապահովության մասին հոգալու համար լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է առավելագույնը եռօրյա ժամկետ: Այդ դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում նշված ժամկետը լրանալու հաջորդ աշխատանքային օրը:
6. Գործունեության կասեցումն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ այլ դրոշմավորման եղանակի կիրառման միջոցով: Այդ միջոցները պետք է բացառեն գործունեության կասեցման օբյեկտ մուտք գործելը կամ մուտք գործելու փորձ կատարելն առանց տեղադրված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն լիազորված մարմնի կողմից կամ նրա գրավոր թույլտվությամբ:
7. Գործունեության կասեցման մասին լիազորված մարմնի որոշման պատճենը լիազորված մարմինը փակցնում է կասեցման օբյեկտի մուտքի մոտ՝ հաճախորդների և գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության կասեցման դեպքում լիազորված մարմնի որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
8. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է գործունեության կասեցման սուբյեկտների կողմից գործունեության կասեցման օբյեկտում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի իններորդ մասում նշված դեպքերի:
9. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման սուբյեկտները կասեցման օբյեկտում կարող են իրականացնել այնպիսի գործունեություն, գործառույթ կամ գործողություն, որոնք ուղղված են կասեցման հիմքերը վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելուն: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթը կամ գործողությունը կասեցման սուբյեկտների համապատասխան պաշտոնատար անձինք կատարում են լիազորված մարմնի գրավոր թույլտվությամբ:
10. Սույն օրենքով նախատեսված դրույթներից չբխող՝ գործունեության կասեցման մասին որոշումներն անվավեր են:
(6-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-262-Ն)