Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-01-ից մինչև 2016-07-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

գործել է մինչև 2016-07-23Բացել ARLIS-ում

Հոդված 11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը.

բ) վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով` երեք հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով` վեց հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:

Նախազգուշացումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և համապատասխան օբյեկտի գործունեությունը կասեցվում է` մինչև ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարքի տեղադրումը:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելը չապահովելու (հսկիչ-դրամարկղային մեքենայի, ցանցային կապի միջոցի անխափան աշխատանքը չապահովելու) համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, բացառությամբ կապի անբավարարության կամ բացակայության պատճառով տեղեկությունը չուղարկելու դեպքերի: Կապի անբավարար որակի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տվյալները տրամադրում է հարկային մարմնին:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ: Գործունեության կասեցումը փոխարինվում է տուգանքով հարկ վճարողի գրավոր համապատասխան դիմումի և սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) ներկայացման դեպքում: Տուգանք վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչյուր օրվա համար` տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս վաթսուն հազար դրամից: Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև կասեցման ավարտը յուրաքանչյուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից: Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հարկային մարմնի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում, կրկնապատկվում է:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված նույն գործունեության տեսակին:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(11-րդ հոդվածը փոփ. 27.11.08 ՀՕ-203-Ն, 21.08.08 ՀՕ-139-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-300-Ն, խմբ., փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-244-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-131-Ն)

(11-րդ հոդվածի 5-րդ մասը 24.11.15 ՀՕ-161-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.18 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։