Հոդված 9. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը
Հոդված 9. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը
1. Հարկային մարմինները`
ա) իրականացնում են սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.
բ) իրականացնում են կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.
գ) ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
դ) անցկացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.
ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում են տուգանքներ.
զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հատուկ ֆոնդ, որի միջոցները ծախսվում են`
ա) հսկիչ գնումների ֆինանսավորման համար.
բ) սույն հոդվածով սահմանված հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման համար:
Սույն կետում նշված ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)