Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
1.1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հարկային հաշիվները և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար կարող են կիրառվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-22-Ն)
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.
ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման.
ժէ) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպման:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`
ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`
բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,
ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,
խանութների և տաղավարների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների և տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
Երևան քաղաքում 7մ.2, իսկ այլ վայրերում 10մ.2գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների (բացառությամբ գյուղական բնակավայրերում գտնվող) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
հյուրանոցային ծառայությունների մատուցում,
սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,
դեղատնային գործունեություն,
վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և /կամ դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.
բ) 2005 թվականի ապրիլի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`
Երևան քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,
մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
գեղեցկության սրահների կազմակերպում,
արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն.
գ) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`
Երևան քաղաքում 7մ.2, իսկ այլ վայրերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) 10մ.2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10մ.2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10մ.2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.
ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:
Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը:
(4-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 22.10.08 ՀՕ-177-Ն, 21.08.08 ՀՕ-139-Ն, 20.05.10 ՀՕ-78-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-22-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-244-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-131-Ն)