Հոդված 210. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը
Հոդված 210. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը
1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:
3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
5. Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:
(210-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-233-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն)