Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

3) նա մահացել է.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝

1) խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները.

2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի.

4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.

5) կատարել է էական կարգապահական խախտում:

3. Էական կարգապահական խախտում է`

1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.

2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.

3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու դեպքերում՝ նրա լիազորությունները դադարելու օրվան նախորդող յոթերորդ ամսվա վերջին օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկ օր հետո Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին և Կառավարությանը:

(12-րդ հոդվածը խմբ. 29.03.19 ՀՕ-5-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։