Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-02-ից մինչև 2020-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 88. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2020-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 88. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքը Սահմանադրության 210-րդ հոդվածի հիման վրա ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

3. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:

4. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն առնվազն տասներկու տարի զբաղեցրած անձին նրա լիազորությունները հրաժարականի դիմում տալու միջոցով դադարելու դեպքում, անկախ նրա` օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած լինելու հանգամանքից, եթե պահպանվել են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները, և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում է կենսաթոշակ:

4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ երկամսյա ժամկետում, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում հրաժարականն ընդունված համարվելու արդյունքում լիազորությունները դադարելուց հետո մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանում են կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը:

4.2. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, միաժամանակ սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում հրաժարական ներկայացնելու դիմումում նշում են, թե որ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքից են օգտվում: Այդ նշումը չկատարվելու դեպքում օգտվում են սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավունքից:

4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը:

5. Մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

6. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը։

(88-րդ հոդվածը լրաց. 11.12.19 ՀՕ-312-Ն)

(11.12.19 ՀՕ-312-Ն օրենքն ունի 88-րդ հոդվածի 4.1-ին մասին վերաբերող անցումային դրույթ)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-42-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։