Հոդված 34. Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը
Հոդված 34. Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը
1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր:
3. Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր:
4. Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։
5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ: Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում ընտանիքի անդամները չեն ներկայացնում իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ, ապա համարվում են հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:
5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:
5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
7. Հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի և եկամուտների վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար:
8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ և հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար:
9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
10. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:
11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի անդամը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:
13. Հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ:
(34-րդ հոդվածը փոփ. 15.04.20 ՀՕ-212-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-200-Ն)
(15.04.20 ՀՕ-212-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող դրույթ)