Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.
7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:
2. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերի:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը:
6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:
8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»: