Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեի ծառայողի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:»: