Հոդված 43. Ծառայողական քննությունների անցկացման կարգը
Հոդված 43. Ծառայողական քննությունների անցկացման կարգը
1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի պահանջով` սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով:
2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:
3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը, հարկային մարմնի սահմանած կանոնադրությանը համապատասխան, հսկողություն է իրականացնում հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, անցկացնում է ծառայողական քննություններ և ընդունում որոշումներ, որոնք ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին և դրա մասին գրավոր տեղեկացնում է շահագրգիռ անձանց:
4. Շահագրգիռ անձինք ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկել դատական կարգով: