Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը և ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:
Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:
(6-րդ հոդվածը խմբ. 29.04.08 ՀՕ-39-Ն, լրաց. 26.02.13 ՀՕ-9-Ն, փոփ.12.12.13 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 04.03.15 ՀՕ-13-Ն)
(04.03.15 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
5 մարտի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-33