Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

38. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

Ա. Ընդունելիությունը

39. Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, վերջինս պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

40. Դիմումատուն վիճարկել է Կառավարության հայտարարությունն այն մասին, որ կատարմանն ուղղված միջոցներն իրականացվել են մասամբ՝ նշելով, որ Է. Թ.-ն երբևէ չի հեռացվել համապատասխան շինությունից և որ տվյալ ռեստորանը դեռ գործում է։ Նրանց կողմից աշխատուժի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության մասին արված հիշատակումները միայն չկատարման համար արդարացումներ են։ Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ դատարանի՝ կատարման մասին որոշումը պետք է կատարվի պարտապանի հաշվին։ Դիմումատուն ԴԱՀԿ-ին արդեն իսկ 17 000 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար) է վճարել։ Նա ԴԱՀԿ-ին աշխատուժով և (կամ) անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելու կամ ԴԱՀԿ-ի կատարման պարտավորություններն իր կողմից ստանձնելու իրավական պարտականություն չի ունեցել։

41. Դիմումատուն պնդել է, որ Հայաստանի օրենսդրությամբ ինքնակամ կառույցը քանդել չի պահանջվում` նախքան գույքի նկատմամբ համապատասխան իրավունքի պատշաճ կարգով գրանցումը. ամեն դեպքում, ինքնակամ կառույց ներառող հողամասերը միևնույն է, կարող են որպես հողամաս գրանցվել։ Այնքանով, որքանով հողամասի գրանցումը վերաբերելի է գործին, դիմումատուի մասով երբևէ անփութություն թույլ չի տրվել։ Գրանցման պարտավորությունը պատկանում է ԴԱՀԿ-ին։ Դիմումատուն մի քանի անգամ պահանջ է ներկայացրել, որպեսզի քրեական գործով վարույթ հարուցվի համապատասխան քաղաքացիական ծառայողների նկատմամբ, սակայն քննչական մարմինները չորս անգամ դադարեցրել են քրեական հետապնդումը, դատարաններն անվավեր են ճանաչել դադարեցնելու մասին այդ որոշումներից երեքը։

բ) Կառավարությունը

42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի օգտին կայացված վճիռները մասամբ են կատարվել. Է. Թ.-ի սեփականության իրավունքի, ինչպես նաև սեփականության վկայականի գրանցումն անվավեր են ճանաչվել, դիմումատուից բռնագանձվել է 17 000 ԱՄՆ դոլար և փոխանցվել ԴԱՀԿ-ի բանկային հաշվին, Է. Թ.-ն վտարվել է հողամասից, և ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ Կատարողական վարույթի ամբողջ ընթացքում ԴԱՀԿ-ն Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռները կատարելու համար ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը, սակայն օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով դրանց կատարումը եղել է անհնարին։

43. Տվյալ հողամասի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն առկա շինությունները քանդելուց և նրա կողմից՝ այդպիսի գրանցման փաստացի պահանջ ներկայացնելուց հետո։ ԴԱՀԿ-ն պարտադիր քանդման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանից պահանջել է տրամադրել տեխնիկական սարքավորումներ, ընդ որում համանման պահանջ է ներկայացվել նաև մասնավոր շինարարական ընկերությունների, սակայն՝ ապարդյուն։ Դիմումատուից նույնիսկ պահանջել են քանդման աշխատանքների համար տրամադրել աշխատուժ և տեխնիկական սարքավորումներ կամ, որպես այլընտրանք՝ նախավճար տրամադրել ԴԱՀԿ-ին քանդման ամբողջ ծախսերի համար, սակայն նա հրաժարվել է։ Ավելին, հարկադիր կատարողները մի քանի անգամ տուգանք են նշանակել Է. Թ.-ի նկատմամբ։ Այսպիսով, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ փորձելու համար ապահովել ուժի մեջ մտած վճիռների կատարումը։ Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

2. Դատարանի գնահատականը

44. 6-րդ հոդվածով պաշտպանված՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգով թույլատրվեր, որ ուժի մեջ մտած, պարտադիր դատական որոշումը շարունակեր լինել չգործող՝ ի վնաս մի կողմի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը ներառում է նաև դատարանի որոշման՝ առանց չհիմնավորված ձգձգելու կատարումը։

45. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն՝ ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Ուստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումը ոչ ողջամտորեն երկար ժամանակահատվածով ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002‑III, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

46. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է դիմումատուի պահանջները: Այն նաև նկատում է, որ 2003 թվականի հոկտեմբերի 24-ին 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռն ուժի մեջ է մտել, և դրա առնչությամբ տրվել է կատարողական թերթ, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է կատարողական վարույթ: 2004 թվականի հոկտեմբերի 22-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դիմումատուի օգտին կայացված՝ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում, և այդ որոշումը նույնպես ներկայացվել է կատարման համար:

47. Քանի որ նշված կատարման համար որևէ արդյունավետ միջոց ձեռնարկված չի եղել, 2006 թվականի ապրիլին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի պետական [կոմիտեի], ԴԱՀԿ-ի և Է. Թ.-ի դեմ նոր փուլով քաղաքացիական վարույթներ է հարուցել՝ պահանջելով. i) պարտավորեցնել Անշարժ գույքի կադաստրի [պետական կոմիտեին] կատարելու Վերաքննիչ դատարանի 2003 թվականի օգոստոսի 22-ի վճռով սահմանված պահանջները, ii) վտարել Է. Թ.-ին, և iii) դադարեցնել համապատասխան գույքի վրա տեղակայված ռեստորանի գործունեությունը: Նրա պահանջն ամբողջությամբ բավարարվել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ իր 2006 թվականի դեկտեմբերի 22-ի վճռով, որն այնուհետև ուժի մեջ է մտել: Դատարանը հաստատել է, որ 2003 թվականի օգոստոսի 22-ի վճիռը դեռ չի կատարվել՝ գտնելով, որ այդ չկատարումը համարվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները):

48. 2003 թվականի դեկտեմբերից սկսած ԴԱՀԿ-ի կողմից ձեռնարկվել են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, որոնք բոլորն էլ եղել են անարդյունավետ: 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ ուժի մեջ մտած վճռի կատարումը շարունակել է լինել անհնարին (տե՛ս վերևում՝ 22-րդ և 33-րդ պարբերությունները):

49. Հետևաբար, 2003 թվականի օգոստոսի 22-ի և 2006 թվականի դեկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած վճիռները, ինչպես նաև 2004 թվականի հոկտեմբերի 22-ի ուժի մեջ մտած որոշումը՝ բոլորը կայացված հօգուտ դիմումատուի, ներկայումս մնում են չկատարված: Ուստի այդ ներպետական վճիռները չկատարելը տևել է շուրջ տասներեք տարի և չորս ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ձգձգումը հիմնավորելու համար: Ուստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ ուժի մեջ մտած վճիռները կատարելու համար, չեն թույլատրել 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների՝ սույն գործով իրենց ողջ արդյունավետ գործողությունը, և, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ դիմումատուի գույքային պահանջը չհիմնավորված երկար ժամանակահատվածով մնացել է չբավարարված, նրանք չեն հարգել նրա՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40450/04, §§ 56-57, 2009 թվականի հոկտեմբերի 15, և Մեմիշայն ընդդեմ Ալբանիայի [Memishaj v. Albania], թիվ 40430/08, § 33, 2014 թվականի մարտի 25):

50. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

51. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

Ա. Վնասը

52. Դիմումատուն պահանջել է 107 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 150 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

53. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր կրած նյութական վնասի չափը հաստատող որևէ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և, հետևաբար, նրա պահանջը պետք է մերժվեր: Ամեն դեպքում, ենթադրյալ խախտման և նյութական վնասի հետ կապված պահանջի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չի եղել: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը համարել է, որ այդ պահանջը չի հիմնավորվել որևէ համապատասխան փաստաթղթով: Ամեն դեպքում, ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը եղել է չափազանց մեծ և պետք է մերժվեր:

54. Դատարանը համաձայնում է Կառավարության հետ այն մասով, որ դիմումատուն չի ներկայացրել նյութական վնասի հետ կապված պահանջը հիմնավորող որևէ փաստաթուղթ: Ուստի այն մերժում է տվյալ պահանջը։ Մյուս կողմից, այն գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի գումարի չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

55. Դիմումատուն նաև պահանջել է 26 000 եվրո՝ ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

56. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել՝ փաստաբանի ծառայությունների դիմաց իր կատարած վճարումները հաստատող և իր պահանջը հիմնավորող որևէ համապատասխան փաստաթուղթ՝ Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնին համապատասխան: Հետևաբար, ծախսերի և ծախքերի մասով նրա պահանջը պետք է մերժվեր:

57. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և համապատասխան նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը` հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

58. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հունիսի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ Ալեշ Պեյխալ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։