Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, կամ քաղաքացիական ծառայողի ցանկությամբ:
Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները` վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
ա) փաստաթղթային.
բ) թեստավորման և հարցազրույցի:
10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-38-Ն)
Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ կետի 4-րդ մասի «բ» ենթակետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում, ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
բ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.
գ) քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե քաղաքացիական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինն) ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:
16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(19-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն)