Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի պատճառաբանված որոշմամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները` վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
Սույն կետի «ա» ենթակետը չի տարածվում սույն օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:
7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
ա) փաստաթղթային.
բ) թեստավորման և հարցազրույցի:
10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-38-Ն)
Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ կետի 4-րդ մասի «բ» ենթակետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, արդյունքները գնահատում և հարցազրույցն անցկացնում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և 8-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված կարգով:
12. Հարցազրույցի արդյունքները գնահատում է (ճիշտ կամ սխալ լինելը) ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-30-Ն)
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) (կետն ուժը կորցրել է 02.05.06 ՀՕ-50-Ն)
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի առաջին պարբերության «դ» ենթակետով նախատեսված որոշումը:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(19-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն, 18.04.03 ՀՕ-543-Ն, փոփ. 18.02.04 ՀՕ-38-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն, փոփ., լրաց., խմբ. 02.05.06 ՀՕ-50-Ն, խմբ. 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց., խմբ. 07.06.10 ՀՕ-104-Ն)