Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՊԱՊՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

32. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

Ա. Ընդունելիությունը

33. Դատարանը նշում է, որ այս գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

34. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը չկատարելը համարվում է իր՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում։ Վարչական դատարանն իր՝ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով պարտավորեցրել է Քաղաքապետարանին դիմումատուի հետ կնքել 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1785-Ա որոշման մեջ նշված պայմանագիրը։ Ներպետական իշխանություններն իրավունք չունեին շեղվելու այդ հստակ վճռից։ Դիմումատուին առաջարկվող մյուս հողակտորներն անընդունելի են եղել, քանի որ դրանք գտնվել են վճռում նշված համապատասխան հասցեից տարբերվող վայրում և այնպիսի տարածքում, որտեղ ձեռնարկատիրությամբ զբաղվելը պակաս շահութաբեր կլիներ, քան վճռում նշված հասցեում։ Դիմումատուն առաջարկել է ինը տարբեր ընդունելի նոր տեղանքներ, սակայն Քաղաքապետարանը դրանք բոլորը մերժել է։ Չնայած դիմումատուն ձեռնարկել է վճռի կատարմանն ուղղված բոլոր հնարավոր քայլերը, վճիռն ավելի, քան ութ տարի մնացել է չկատարված։ Կատարողական վարույթն ավարտելով՝ ներպետական իշխանությունները խախտել են դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

35. Իր օգտին կայացված վճիռն ավելի, քան ութ տարի կատարելու անհնարինությունը նաև համարվում է դիմումատուի գույքային իրավունքներին միջամտություն։ Նա պարբերաբար դիմել է տարբեր պետական մարմիններ՝ պահանջելով վճռի կատարումը, բայց ապարդյուն։ Հետևաբար, դիմումատուի՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները նույնպես խախտվել են։

բ) Կառավարությունը

36. Կառավարությունը պնդել է, որ ներպետական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադիր ուժ ունեցող վճիռը կատարելու համար: 2008 թվականի հուլիսի 30-ին Վարչական դատարանը դիմումատուի օգտին վճիռ է կայացրել և պարտավորեցրել Քաղաքապետարանին կատարել թիվ 1785-Ա որոշումը։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ի կատարողական թերթը ԴԱՀԿ՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու լիազորություն ունեցող միակ պետական մարմին ներկայացնելուց հետո հարկադիր կատարողն անմիջապես կատարողական վարույթ է հարուցել և պահանջել, որ Քաղաքապետարանը կատարի 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով նախատեսված պահանջները։ 2009 թվականի հունիսի 17-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է բանակցություններ սկսել, բայց դիմումատուն մերժել է այդ առաջարկը։ 2011 թվականի մայիսի 3-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է քաղաքաշինության տեսանկյունից ընդունելի երեք տարբեր հողակտորներ, սակայն դիմումատուն հրաժարվել է հողակտորներից որևէ մեկն ընդունելուց։ Քանի որ վճիռը կատարելն անհնար էր դարձել, ԴԱՀԿ-ն 2011 թվականի օգոստոսի 4-ին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել։

37. Կառավարությունը պնդել է, որ ինքը դիմումատուն է խոչընդոտներ ստեղծել 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարման համար՝ անտեսելով իշխանությունների՝ նրան մեկ այլ հողակտոր տրամադրելուն ուղղված ջանքերը։ 2009 թվականից ի վեր կրպակների՝ տվյալ տարածքում չգտնվելը և 2011 թվականից ի վեր Երևանի քաղաքային փողոցներում, հատկապես մայթերին գտնվող կրպակները քանդելը եղել է քաղաքային քաղաքականության մասը։ Քաղաքականության այդպիսի փոփոխության արդյունքում դիմումատուին վճռում նշված տարածքում հողակտոր առաջարկելն անհնար էր դարձել։ Առաջարկված երեք հողակտորները գտնվել են Երևանի նմանատիպ, շահութաբեր տարածքներում։ Այսպիսով, վճռի կատարման ձգձգումը պայմանավորված է եղել դիմումատուի՝ իշխանությունների հետ համագործակցելու ցանկության բացակայությամբ։ Ուստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում տեղի չի ունեցել։

2. Դատարանի գնահատականը

38. Դատարանի՝ 6-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II): Դատարանի արդյունավետ մատչելիությունը ներառում է դատարանի որոշման՝ առանց անհարկի ձգձգումների կատարման իրավունքը:

39. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Հետևաբար, պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002-III. Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 թվական և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

40. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռով, որը վերջնական է դարձել 2008 թվականի օգոստոսի 30-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել դիմումատուի օգտին: 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Վարչական դատարանն այդ վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ: 2008 թվականի սեպտեմբերի 24-ին ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ է հարուցել Երևան քաղաքի [իշխանությունների] դեմ՝ պարտավորեցնելով տասն օրվա ընթացքում դիմումատուի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիրը։ 2009 թվականի հունիսի 17-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է բանակցություններ սկսել։ 2011 թվականի մայիսի 3-ին Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է քաղաքաշինության տեսանկյունից ընդունելի երեք տարբեր հողակտորներ, սակայն դիմումատուն հրաժարվել է հողակտորներից որևէ մեկն ընդունելուց։ Հետևաբար, 2011 թվականի օգոստոսի 4-ին ԴԱՀԿ-ն վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել այն հիմքով, որ 2008 թվականի հուլիսի 30-ի վճռի կատարումն անհնարին էր դարձել (տե՛ս վերևում 14-րդ և 20-21-րդ պարբերությունները)։ Դիմումատուն մի քանի անգամ փորձել է Վարչական դատարանում վիճարկել այդ որոշումը, սակայն ապարդյուն (տե՛ս վերևում 22-29-րդ պարբերությունները):

41. Դատարանը նշում է, որ կողմերը կարծես համաձայն են, որ Վարչական դատարանի 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը մի քանի տարի մնացել է և դեռևս մնում է չկատարված։ Դիմումատուին հողի վարձակալության վերաբերյալ բանակցելու հնարավորություն է տրվել, և նրան առաջարկվել են երեք տարբեր հողակտորներ պակաս շահավետ տարածքներում, սակայն մինչ օրս դիմումատուի և Երևան քաղաքի [իշխանությունների] միջև տվյալ վճռում նշված տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր չի կնքվել։

42. 2008 թվականի հուլիսի 30-ի վճիռը, որը կայացվել էր ի օգուտ դիմումատուի, մնացել է չկատարված 2008 թվականի հոկտեմբերից մինչ օրս, այսինքն՝ ավելի, քան ութ տարի և տասնմեկ ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ այդ ուշացումը հիմնավորելու համար: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ վերջնական վճիռը կատարելու համար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկել են սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժից:

43. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

44. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

Ա. Վնասը

45. Դիմումատուն պահանջել է 140 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 125 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

46. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ նյութական վնասի մասով պահանջը հիպոթետիկ է, քանի որ գործի նյութերում այդպիսի կորուստների մասով որևէ ապացույց չկա։ Դիմումատուն ցույց չի տվել եկամտի կորստի և ենթադրյալ խախտումների միջև պատճառահետևանքային կապը։ Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը համարել է, որ դիմումատուի պահանջած գումարը չափազանցված է և պետք է նվազեցվի:

47. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար, այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

48. Դիմումատուն նաև պահանջել է 996 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

49. Կառավարությունը համարել է, որ աշխատանքային ժամերի վերաբերյալ հստակեցում չի արվել` ինչպես պահանջվում է Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնով։ Եվ ոչ էլ որևէ կերպ հիմնավորվել են փորձագետների, ֆաքսային, փոստային, պատճենահանման և տեղափոխման ծառայությունների մասով ծախսերը։ Ամեն դեպքում, ծախսերի և ծախքերի համար պահանջվող գումարը չափազանցված է եղել և պետք է նվազեցվի։

50. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը, մերժում է ներպետական վարույթում, ինչպես նաև Դատարանի վարույթում կրած ծախսերի և ծախքերի մասով պահանջը։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

51. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հունվարի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Ռենատա Դեգեներ Ալեշ Պեյխալ

Քարտուղարի տեղակալ Նախագահ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։