Հոդված 26. Դատական ծառայողի բնութագիրը
Հոդված 26. Դատական ծառայողի բնութագիրը
1. Դատական ծառայողի բնութագիրը կազմվում և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահին կամ դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացվում դատարանների նախագահների խորհրդի սահմանած ժամկետում:
2. Մինչև սույն հոդվածի առաջին մասի պահանջը կատարելը համապատասխան պաշտոնատար անձը բնութագրի օրինակը տրամադրում է բնութագրվող ծառայողին և դատարանի աշխատակազմի ղեկավարին, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում` համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձին: Աշխատակազմի ղեկավարը, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք ունեն իրենց մասնավոր կարծիքը կցելու բնութագրին:
3. Դատական ծառայողն իրավունք ունի բնութագրի օրինակը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավոր ընդունելու բնութագիրը կամ առարկելու դրան, ինչպես նաև գրավոր ընդունելու մասնավոր կարծիքը կամ առարկելու դրան: Դատական ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելը դիտվում է դատական ծառայողի համաձայնություն իր գործունեության գնահատմանը:
4. Դատական ծառայողի բնութագիրը պետք է պարունակի հետևյալ եզրակացություններից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
5. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն տալիս համապատասխան պաշտոնատար անձը կարող է առաջարկություն ներկայացնել դատական ծառայողին խրախուսելու մասին:
6. Գործունեության գնահատման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող դատական ծառայողները, բացառությամբ դատական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքի.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատական ծառայողները.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած դատական ծառայողները` վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում:
7. Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է դատական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության գնահատումն իրականացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է գործել այդ աշխատողը:
8. Գործունեության գնահատման արդյունքներով վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատական դեպարտամենտի ղեկավարը բնութագիրն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա կարող է կիրառել օրենքով նախատեսված խրախուսման որևէ տեսակ կամ դատական ծառայողին ուղարկել վերապատրաստման կամ ազատել դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից: Դատական ծառայողը ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական: