Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքի գործողությունը և կիրառման ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի գործողությունը և կիրառման ապահովումը

1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։

2. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

3. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։

4. Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։

5. Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը:

6. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

7. Հաշմանդամության և տարիքային հիմքով համաներումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել, կամ որոնց 60 տարին լրացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

8. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, համաներումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

9. Սույն օրենքի կատարումը վերապահել՝

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ.

4) քրեական հետապնդման մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով պատժի.

8) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում։

10. Հետաքննության և նախաքննության մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կարգապահական գումարտակի հրամանատարների՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

11. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա այդ մարմինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:

12. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2018 թ. նոյեմբերի 3

Երևան

ՀՕ-414-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։