ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2017 թվականի թիվ 19 քաղ. Մոսկվա
«ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել և հաստատել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման և վարման կարգը և նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման կարգը՝ ապահովելով դրանց ուժի մեջ մտնելը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Խնդրել Միության անդամ պետությունների կառավարություններին մինչև 2021 թվականի մարտի 1-ն ապահովել Միության՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ազգային մասերի ձևավորումը:
4. Սահմանել, որ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսի 2-ից՝ սույն Որոշման 2-րդ կետի կատարման պայմանով՝ բացառությամբ թունաքիմիկատների պատրաստուկային ձևերի և դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և օգտահանման (վերամշակման) մասով պահանջների: Մինչ Միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են թունաքիմիկատների պատրաստուկային ձևերի և դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և օգտահանման (վերամշակման) մասով պահանջները, այդ արտադրանքի և նշված գործընթացների նկատմամբ գործում են Միության մարմինների ակտերի դրույթները կամ Միության անդամ պետությունների օրենսդրությունը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի
մարտի 3-ի N 19 որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: