ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 230-Ա
«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Զբաղվածության խթանման, աշխատաշուկայի ուսումնասիրման և ոլորտին առնչվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրի աշխատանքների իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Աշխատիր Հայաստան» ծրագրի իրականացման աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
ապրիլի 26-ի N 230-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տիգրան Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (նախագահ)
Տիգրան Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ավագ Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Արման Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գաբրիել Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ժաննա Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Արևիկ Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Լենա Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Քրիստինե Ասատրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Աշոտ Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Լուսինե Քալանթարյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ
Արտակ Սիմոնյան - Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար
Վիկտորյա Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական (քարտուղար):
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
ապրիլի 26-ի N 230-Ա
որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
«ԱՇԽԱՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է «Աշխատիր Հայաստան» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մշակման աշխատանքներն իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ՝ ԱԽ) նպատակների, խնդիրների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակը զբաղվածության խթանման և աշխատաշուկայի արդյունավետ ծրագրերի մշակման նպատակով Ծրագրի հայեցակարգի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների իրականացումն է:
3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
4. Աշխատանքային խումբը Ծրագրի մշակման ընթացքում առանձին առաջադրանքների իրականացման նպատակով անվճար հիմունքներով կամ ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և խորհրդատուների:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. ԱԽ գործառույթներն են`
1) Ծրագրի հայեցակարգի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների կազմակերպումը.
2) Ծրագրի մշակումն ապահովելու նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման շահառու մարմինների և պետական հատվածը ներկայացնող այլ մարմինների միջև համագործակցության ապահովումը.
3) Ծրագրի մշակման նպատակով մասնավոր հատվածի հետ երկխոսության ապահովումը, հանրության մասնակցության և հետադարձ կապի ապահովման կազմակերպումը.
4) Ծրագրի մշակման ընթացքում զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ապահովումը։
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. ԱԽ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. ԱԽ նիստերն արձանագրվում են:
8. ԱԽ հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ ԱԽ նախագահի մոտ:
9. ԱԽ արտահերթ նիստ կարող է գումարվել ԱԽ նախագահի նախաձեռնությամբ կամ ԱԽ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
10. ԱԽ նիստը հրավիրում և վարում է ԱԽ նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ ԱԽ անդամներից մեկը:
11. ԱԽ նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է ԱԽ նախագահը: ԱԽ նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ԱԽ քարտուղարը՝ ըստ ԱԽ անդամների ներկայացրած առաջարկությունների:
12. Նիստի օրակարգը հաստատվում է ԱԽ կողմից` նախագահի ներկայացմամբ:
13. ԱԽ նիստի օրակարգի նախագիծը կից փաստաթղթերի փաթեթով ԱԽ քարտուղարը, ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ, ներկայացնում է հանձնաժողովի անդամներին և անհրաժեշտության դեպքում` նիստին հրավիրված անձանց:
14. ԱԽ նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ԱԽ անդամների կեսից ավելին: ԱԽ որոշումներն ընդունվում են ԱԽ նիստին ներկա՝ ԱԽ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ԱԽ նախագահի ձայնը որոշիչ է:
15. ԱԽ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զարգացման միջազգային գործընկերների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
16. ԱԽ-ն ընդունում է աշխատակարգային որոշումներ։
17. ԱԽ աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. ԱԽ նախագահը՝
1) հրավիրում և վարում է ԱԽ նիստերը.
2) հավանության է արժանացնում ԱԽ նիստի օրակարգը.
3) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել ԱԽ նիստերը։
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
19. ԱԽ անդամը պարտավոր է մասնակցել ԱԽ նիստերին և քվեարկել:
20. ԱԽ անդամն իրավունք ունի ծանոթանալ ԱԽ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին։
VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. ԱԽ քարտուղարը՝
1) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման, ինչպես նաև առանձին ուսումնասիրությունների իրականացումն ապահովելու աշխատանքները.
2) արձանագրում է ԱԽ նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.
3) նախապատրաստում է ԱԽ նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը ԱԽ անդամներին.
4) վարում է ԱԽ աշխատանքների հետ կապված գործավարությունը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան