Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-04-26։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Գույքահարկի վճարման պարտավորության առաջանալու և դադարելու կարգը

գործել է մինչև 2007-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 8. Գույքահարկի վճարման պարտավորության առաջանալու և դադարելու կարգը

1. Գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (այսուհետ` հաշվառող մարմին) տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում այդ հարկվող օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում`

- նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները,

- օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից.

3) հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները.

4) եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա գույքահարկ վճարողը գույքահարկը հաշվարկում և վճարում է այն օրվանից, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը.

5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման սույն օրենքով սահմանված կարգով և չափով: Սույն կետով սահմանված արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

3. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով սույն օրենքով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:

Գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում` նաև դրանց հաշվառման վերաբերյալ տեղեկությունները:

4. Հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառված որևէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում գույքահարկը չհաշվարկելու համար:

(8-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-164-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։